Սուգը գիտակցությամբ և բանականությամբ ընկալվում, հետո միայն էմոցիաներ է առաջացնում:
Գիտակցական մակարդակում, բանականությամբ մենք հասկանու՞մ ենք՝ ինչ ենք կորցրել 120 տարի առաջ:
Լավ, հասկանու՞մ ենք ինչ կորցրեցինք ընդամենը երեկ, 1990-94 ին, 2020-2023 ին:
Եթե հասկանում ենք, ուրեմն բոլորովին այլ կենսակերպով պիտի ապրեինք, այլ երկիր պիտի կառուցեինք:
Թե՞ ամեն ինչ չտեսնելու տալով հեշտ է ապրել, ավելի ճիշտ, սա ապրել չէ, ամոթալի գոյություն քարշ տալ է: Ամեն տարի այս օրը սգացիք, անցավ գնա՞ց: Ինչքան ստահակ, գող ու դավաճան կա, ամեն տարի այս օրը ծաղիկ-ծաղկեպսակ առնում-վազում է հուշարձանների մոտ:
Այս ձևով շարունակելով՝ Հայաստան պետություն գոյություն չի ունենալու, ինքնախաբեյությամբ մի տարվեք, ինչպես տարվեցիք Արցախի հարցում: Ներկա Հայաստանի լիկվիդացումը Արցախի պես կարող է լինել կայծակնային:
Այժմ ուժերի հարաբերակցությունը այն չէ, ինչ 120 տարի առաջ էր, այն չէ, ինչ 5-6 տարի առաջ էր: Սա շատ պարզ բան է, հասկանալու համար նվազագույն ստրատեգիական մտածելակերպ է պետք ունենալ, կենդանական քթածակ:
Սեփական պետության ու օրենքների նկատմամբ խոր հարգանք է պետք, հարգանք միմյանց նկատմամբ, հարգանք աշխարհասփյուռ հայության, հայոց պատմության, արդարության հանդեպ: Պետք է գիշեր ու ցերեկ աշխատել և կրթվել, ավելի շատ, քան հարևան թուրքերը, ազերիները, պարսիկներն ու վրացիները: Որովհետև մենք ամենափոքր ու ամենաթույլ երկիրն ենք տարածաշրջանում: Այս բացը հաղթահարելու ուրիշ ճանապարհ չկա: Այլընտրանքը այս փոքր ու հիվանդ պետության կորուստն է:
Սա խոհանոցային լավատեսության ու վատատեսության հարց չէ, օբյեկտիվ իրավիճակն է այսպիսին:
Տհաճ է, զզվելի է այսպիսի ձևական ու անգիտակից սուգը:
Արա Արայան